Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև. Արխիվային լուսանկար
Ներկայում Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր Մկրտիչ սրբազանի լուսանկարով։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորեցին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին նրա կալանքը փոխարինվել էր բացակայելու արգելքով։
«Վերջինի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց ընտրված չէ»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):