Թրամփն ակտիվ աշխատում է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ. Սպիտակ տուն

Սպիտակ տանը ներկայացուցիչը վստահեցրել է, որ Վաշինգտոնը մշտական կապ է պահպանում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը՝ նշելով, որ Վաշինգտոնը մշտական կապ է պահպանում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և նրա թիմը բառացիորեն հիմա բանակցում են կողմերի հետ՝ փորձելով գնահատել խաղաղության համաձայնագրի կնքման իրական շանսերը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին այդպես էլ չի ծանոթացել Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրին, ինչը հիասթափեցրել է իրեն: ԱՄՆ վարչակազմն արդեն հայտարարել է կարգավորման սեփական նախաձեռնություն նախապատրաստելու մասին։
Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ շարունակում է բաց մնալ բանակցությունների համար և պատրաստ է շարունակել քննարկումները, այդ թվում՝ երկխոսությունը Անկորիջի ձևաչափով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է հատուկ բանագնաց Ուիտկոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսային՝ «Affinity Partners»-ի հիմնադիր Ջարեդ Քուշներին: Պուտինը հայտնել է, որ ամերիկյան կողմը փուլային քննարկման համար խաղաղության ծրագրի 27 կետ է ներկայացրել՝ բաժանված չորս մասի։
ՌԴ–ն աշխատում է խաղաղության, ոչ թե հրադադարի ուղղությամբ. Պեսկովն արձագանքել է Զելենսկուն