ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Պետական Էրմիտաժի աշխատակից Ալեքսանդր Բուտյագինը, որը հրավիրվել էր Պրահայում, Ամստերդամում, Վարշավայում և Բելգրադում «Պոմպեյի վերջին օրը» թեմայով դասախոսություններ կարդալու, Վարշավա ժամանելուն պես ձերբակալվել է:
Ինչպես ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Էրմիտաժի աշխատակցին ձերբակալել են Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված կալանքի միջազգային օրդերի հիման վրա:
«Ռուսաստանցի գիտնականը Կիևի ռեժիմի կողմից մեղադրվում է Ղրիմում հնագիտական պեղումների ժամանակ «մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ», - նշել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱԳՆ-ում հույս ունեն, որ Լեհաստանում «հասկանում են Ալեքսանդր Բուտյագինի դեմ մեղադրանքների անհեթեթությունը և իրենց հաշիվ են տալիս, որ նման քաղաքականացված ակցիաները հեռանկարներ չունեն և անհետևանք չեն մնա:
Կրեմլը նույնպես մեկնաբանել է հնագետի ձերբակալությունը:
«Նկատի առնելով այն սանձարձակ վերաբերմունքը, որը մեր երկրի նկատմամբ որդեգրել է Վարշավան, դա, իհարկե, մեր քաղաքացիների համար ուղևորություններ և այցելություններ կատարելու ամենահարմար վայրը չէ՝ հաշվի առնելով այն լիակատար անօրինականությունը, որ կատարվում է այնտեղ՝ դատելով այդ իրադարձություններից», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հաղորդում է լեհական «RFM FM» ռադիոկայանը, Վարշավայի դատախազությունում հարցաքննությունից հետո հնագետը դատարանի կողմից կալանավորվել է 40 օրով:
Ալեքսանդր Բուտյագինը հայտնի պատմաբան և հնագետ է, Հյուսիսային սևծովյան շրջանի Անտիկ հնագիտության ոլորտի ղեկավար, հնագիտական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար և պետական Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս: Նա մեծ հեղինակություն վայելող մասնագետ է։