ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Կամբոջան ուզում է լիարժեք առևտրային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ, որոնց հետ այժմ միայն 2015 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագիր ունի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կամբոջայի առևտրի նախարարության պետքարտուղար Տեկրետ Կամրանգը։
«Կարծում ենք, որ փոխըմբռնման հուշագրի փոխարեն կարող էինք առևտրային համաձայնագրերի հասնել։ Կարծում ենք, որ դրանից օգուտ կարող են ունենալ ինչպես Կամբոջան, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրները։ Կցանկանայինք առևտրային համաձայնագիր տեսնել ԵԱՏՄ-ի հետ, որպեսզի ապագայում կարողանանք ընդլայնել համագործակցությունը։ Այդ ժամանակ կկարողանայինք քննարկել ծառայությունների վաճառքը և ապրանքների համար առևտրային մաքսատուրքերը, առևտրի պարզեցումը և մաքսային համագործակցությունը», – ասել է նա զարգացող երկրների համար ծառայությունների վաճառքին նվիրված ԱՀԿ համաժողովի շրջանակում։
Կամրանգը նշել է, որ Կամբոջան պատրաստ է սերտ համագործակցել ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ։ Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ շարժվում են դեպի ավելի համապարփակ առևտրային համագործակցություն։
ԵԱՏՄ անդամ են հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը։ Միությունը ստեղծվել է միասնական տնտեսական տարածք ձևավորելու ու պետությունների միջև համագործակցությունը խորացնելու համար։