ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայոց եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռը` արձագանքելով մամուլում ու տարբեր անձանց կողմից շրջանառվող այս պնդումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հեռացնելու «ճանապարհային քարտեզ» է ներկայացրել։ Նա 3 կետ էր առանձնացրել` կաթողիկոսական տեղապահի ընտրություն, կանոնագրքի ընդունում, Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ` նոր կանոնագրքի համաձայն։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով»,– ասված է հաղորդագրությունում։
Մայր աթոռից հիշեցրել են, որ դեռևս Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրոք եկեղեցին ձեռնամուխ է եղել ՀԱՍԵ Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գահակալության շրջանում։
«2009 և 2014 թթ․ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքներն այս պահին խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն ազատազրկված են։
Իսկ ինչ վերաբերում է Ազգային եկեղեցական ժողովի գումարմանը, ապա այն Ամենայն հայոց հայրապետի նախաձեռնությամբ լինում է յոթ տարին մեկ անգամ։ Ցավոք, այն վերջին անգամ հետաձգվել է համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով։
Մայր աթոռում հույս են հայտնում, որ առաջիկայում տեղի կունենա ԱԵԺ, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։