Հանգիստ տղա է, վատ շրջապատում չի եղել. Լերմոնտովոյի գյուղապետը՝ անհետ կորած Միխայիլի մասին

Լերմոնտովո գյուղ. Արխիվային լուսանկար
Ապրիլին Միխայիլը դարձել է 18 տարեկան, Երևան էր եկել` տատիկին հյուր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանում կորած Լերմոնտովո գյուղի պատանի Միխայիլ Դոլգովը հանգիստ տղա է, նրան երբեք վատ շրջապատում չեն տեսել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց գյուղապետ Էդիկ Չախալյանը։
Նրա խոսքով` ինքն արդեն կապ է հաստատել Միխայիլի ծնողների հետ, որոնց Երևան են կանչել` ներկայանալու ոստիկանություն։
Գյուղապետին զանգահարել է տեղամասային ոստիկանը՝ Դոլգովների տան հասցեն իմանալու համար։
Գյուղապետը հավելեց, որ Երևանում Միխայիլի տատիկն է բնակվում, իսկ ինքը ծնողների հետ` գյուղում։ Ընտանիքը բազմազավակ է. Միխայիլն ունի մի քանի եղբայր և քույր։
«Հասարակ, հանգիստ տղա է, որևէ վատ բան ասել չեմ կարող։ Որևէ արտասովոր բան ևս չի եղել։ Նա առանձնացող քայլվածք ունի. քայլելիս մի փոքր հենվում է ոտնաթաթի վրա։ Ապրիլին 18 տարեկան դարձավ», – ասաց գյուղապետը։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ–ն հայտնել էր, որ Միխայիլը կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, դուրս է եկել տնից՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և չի վերադարձել: