Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով՝ կազմակերպության աշխատանքին Երևանի լիարժեք մասնակցության վերսկսման համար ոչ մի խոչընդոտ չկա:
«Մենք տեսել ենք և շարունակում ենք յուրօրինակ բառախաղ տեսնել՝ մե՛կ ՀԱՊԿ–ն իբր դուրս է եկել Հայաստանից, մե՛կ Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից։ Հայաստանի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ նման հայտարարություններ են հնչեցնում », - նշել է Զախարովան։
Անդրադառնալով Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ նման տարբերակ կազմակերպության նորմատիվ-իրավական դաշտում չկա: Կանոնադրության համաձայն՝ անդամ-պետությունը ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ միայն սահմանված կարգով։
Նշենք, որ պարտավորությունների, այդ թվում՝ բյուջեն չֆինանսավորելու դեպքում ՀԱՊԿ-ը կարող է մինչև 2 տարի ժամկետով կասեցնել տվյալ պետության քաղաքացիներին քվոտայի պաշտոններում առաջադրելու իրավունքը` մինչև պարտքի ամբողջական մարումը: Նման պրակտիկա է կիրառվում նաև ՄԱԿ-ի համակարգում։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։