ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է. Փաշինյան

Մոսկվայում այսօր կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է ի վերջո, Հայաստանը դուրս գալու ԵԱՏՄ–ից ու նշելով, որ Համբուրգից մեկնում է Մոսկվա։
«Մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միաժամանակյա նադամակցությունը հնարավոր չի, և հասկանում ենք, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի, այսօր որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Դա ճաշակային որոշում է։ Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել, հասել ենք այդ կետին և պետք է որոում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրել է, թե այդ դեպքում ինչու է ՀՀ-ն ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։
«Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։ ...Այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ–ին անդամագրվելու հարցով։ Այդ ժամանակ երկու տարբերակ կա. մեզ կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։ Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ–ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունեմ Եմ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որովհետեւ եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ, շատ լավ, եթե չենք դառնա, էլի շահած դուրս կգանք, որովհետեւ կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»,–ասաց Փաշինյանը։
Նշենք, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 11-ին Մոսկվայում:
Միջկառավարական խորհրդի մեջ մտնում են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները։ Միության մեջ մտնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղըզստանը: