ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երրորդ երկրների հետ արտաքին առևտրում ԵԱՏՄ երկրների հաշվարկների մասնաբաժինը հասել է 98%-ի։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Միության ներսում հաշվարկների այս ցուցանիշը կազմել է 93%», - հավելել է նա:
Միշուստինը կարևորել է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը և տրանսպորտային միջանցքների ու երթուղիների թողունակությունը և բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու նպատակով թվայնացումը: Սա կարևոր է և՛ փոխադարձ առևտրի, և՛ երրորդ երկրների հետ առևտրի համար՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ-ի նկատմամբ հետաքրքրությունն անընդհատ աճում է։ Սկսվել է Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի իրագործումը, ստորագրվել են համաձայնագրեր ԱՄԷ-ի, Մոնղոլիայի հետ, նոյեմբերի վերջին կայացել է Հնդկաստանի հետ բանակցությունների առաջին փուլը։ Նոր կայուն մատակարարման շղթաների ձևավորման և արտաքին շուկաներ ապրանքների առաջխաղացման համար կարևոր է չնվազեցնել տեմպերը:
Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը երեկ հայտարարել էր, որ տարվա արդյունքներով Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտրում ակնկալվում է մոտ 16% աճ:
2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրի արդյունքում արձանագրվել է առևտրի կրկնապատկում, իսկ ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագիրը գործարկվել է այս տարվա մայիսից:
Հեռանկարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում է ցուցանիշների նոր կրկնապատկում՝ խոսքը փոխադարձ ապրանքաշրջանառության 12 կամ նույնիսկ 18 մլրդ դոլարի մասին է։