Թաիլանդի ռազմածովային ուժերը գործողություն են սկսել Կամբոջայի սահմանների մոտ

Երկու երկրների միջև իրավիճակը սրվել է խաղաղության համաձայնագրի կատարման դադարեցումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Թաիլանդի ռազմածովային ուժերը Կամբոջայի սահմանների մոտ նավատորմի և ավիացիայի մասնակցությամբ գործողություն են սկսել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Տրատ նահանգում գտնվող սահմանապահ ուժերի շտաբի հայտարարությանը։
«Տրատը ճնշում է թշնամուն» գործողության անցկացման տարածք է ուղարկվել HTMS Thepa ռազմանավը, որին հանձնարարվել է շուրջօրյա պարեկություն և հետախուզություն իրականացնել։ Թաիլանդի ռազմածովային ուժերը թաիլանդցի ձկնորսներին հորդորել են Կամբոջայի հետ ջրային սահմանի մոտ ծով դուրս չգալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամբոջայի և Թաիլանդի միջև հակամարտությունը սրվել է։ Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի ռազմաօդային ուժերը F-16 կործանիչներով հարվածել են Կամբոջայի դիրքերին։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան Կամբոջայի կողմից Թաիլանդի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների, որոնցից մեկի հետևանքով զոհվել է մեկ թաիլանդցի զինվորական, ևս 4-ը` վիրավորվել։
Թաիլանդի վարչապետ և ներքին գործերի նախարար Անութխին Չարնվիրակունը հատուկ բանաձև է ստորագրել, որի համաձայն` իշխանությունները ռազմական գործողություններ իրականացնելու իրավունք են ստացել։
Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի