ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վերացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը` հավելելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը։
«Հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ անցել է գործի վաղեմության ժամկետը։ Ի դեպ, գործը կարճվել է միայն Գրիգորի Խաչատուրով մասով»,– ասաց փաստաբանը։
Նշենք, որ այս գործով անցնում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլն։
Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2023 թ. դեկտեմբերի 2-ին:
2023 թ. փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: