Բելգիայի վարչապետը գողություն է անվանել ՌԴ ակտիվները Կիևի համար օգտագործելու ԵՀ-ի առաջարկը

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը . Արխիվային լուսանկար
Այս նախաձեռնությանն արդեն դեմ են հանդես եկել Բելգիան, Հունգարիան, Euroclear-ը և Եվրոպական կենտրոնական բանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերը քննադատել է Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը՝ նման մոտեցումն անվանելով «գողություն»: Այս մասին նա խորհրդարանում ասել է «Belga» գործակալության լրագրողներին, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Դե Վեվերի խոսքով՝ ՌԴ Կենտրոնական բանկի միջոցների բռնագրավումն անթույլատրելի է, քանի որ Բելգիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ։
«Դա այն երկրի փողն է, որի հետ մենք պատերազմի մեջ չենք։ Սա նույն բանը կլինի, ինչ մտնել դեսպանատուն, դուրս հանել կահույքը և վաճառել»,-ընդգծել է վարչապետը։
Դե Վեվերը նշել է, որ «ավելի տեղին լուծումներ» գոյություն ունեն, քան ռուսական ակտիվների օգտագործումը։
Այս նախաձեռնությանն արդեն դեմ են հանդես եկել Բելգիան, Հունգարիան, Euroclear-ը և Եվրոպական կենտրոնական բանկը․
Ֆրանսիան նույնպես դեմ է ռուսական միջոցների օգտագործմանը: Չնայած դրան, Եվրահանձնաժողովի առաջարկն ուղարկված է տեխնիկական համաձայնեցման և դեկտեմբերի կեսերին պետք է ներկայացվի ԵՄ գագաթնաժողովին:
Euroclear-ի ղեկավար Վալերի Ուրբենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ԿԲ-ի ակտիվները «ռուս ժողովրդի փողերն են» և զգուշացրել էր դատարան դիմելու պատրաստակամության մասին, եթե ԵՀ-ն փորձի գործի դնել այդ միջոցները:
Եվրահանձնաժողովը ձգտում է հասնել ԵՄ երկրների համաձայնությանը, որպեսզի Ուկրաինային 185-210 մլրդ եվրո ծավալով վարկ տրամադրվի ռուսական ակտիվներով, որոնք Կիևը պետք է վերադարձնի հակամարտության ավարտից հետո՝ Ռուսաստանից փոխհատուցում ստանալու պայմանով: ՌԴ ԱԳՆ-ում նման գաղափարներն արդեն իրականությունից կտրված են անվանել՝ ԵՄ-ին մեղադրելով «ռուսական ակտիվների գողության» մեջ:
Հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի շուրջ 300 միլիարդ եվրոյի պահուստները, որոնցից ավելի քան 200 միլիարդը տեղակայված է ԵՄ-ում, այդ թվում 180 միլիարդ եվրոն՝ բելգիական Euroclear քլիրինգային համակարգի հաշիվներում: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ուկրաինան 18,1 մլրդ եվրո եկամուտ է ստացել ռուսական սառեցված ակտիվներից։