ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ձգձգում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հայ գերիների վերաբերյալ տվյալների տրամադրումը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանից հեռանալուց հետո հայ գերիների վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տվյալներ չկան։ Հայկական կողմը փորձում է դրանց մասին տեղեկություններ ստանալ ՄԻԵԴ-ի միջոցով։
«Ադրբեջանական իշխանություններն այս պահին ձգձգում են տեղեկատվության տրամադրումը։ Մի անգամ նրանք արդեն լրացուցիչ ժամանակ են խնդրել, ինչը բավարարել է դատարանը։ Այդ ժամկետը լրացել է, իսկ դատարանի հարցերի պատասխանը դեռ չի ստացվել»,- ասաց Սահակյանը։
Նրա խոսքով՝ տեղեկատվության միակ աղբյուրը «դատարաններն» են ու ընթացող «դատավարությունները», որոնց մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Իրավապաշտպանն ընդգծեց, որ գործընթացներն արագացվում են, Ադրբեջանի իշխանություններն էլ մտադիր են դրանք ավարտել մինչև տարեվերջ։
«Այս տարվա վերջին կամ եկող տարվա սկզբին կունենանք մեղադրական «դատավճիռներ»։ Առնվազն ԼՂ նախկին ղեկավարներին ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանցից երկուսի տարիքի պատճառով ցմահ ազատազրկումը կարող են փոխարինել 20 տարի ժամկետով ազատազրկմամբ։ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան հետ մղելու մասնակիցներին էլ ցանկանում են ազատազրկել երկարատև՝ 14-19 տարի ժամկետով»,– նշեց Սահակյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ այդ «դատավարություններում» արդարադատության որևէ տարր չկա, «դատարանները» հանդես են գալիս նոտարական գրասենյակների դերում։ Ընդգծեց՝ այս ամենը վկայում է այն մասին, որ քաղաքական պատվեր է կատարվում։
Սահակյանի կարծիքով՝ գերիների հնարավոր ազատ արձակումը կարող է կապված լինել խաղաղության գործընթացի հետ։ Եթե Հայաստանն իրագործի վաշինգտոնյան համաձայնագրերի կետերը, ապա Բաքուն կարող է բաց թողնել սահմանափակ թվով պահվող անձանց. հասկանալի է, որ խոսքը չի վերաբերի Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարներին։
«Իմ գնահատմամբ՝ առաջնային շահառուները կլինեն հենց 2023 թվականի պատերազմի մասնակիցները, որոնք ընդամենն իրենց սահմանադրական պարտականությունն են իրականացրել»,- ասաց Սահակյանը
Նրա խոսքով` ամերիկյան կողմն ակտիվ ներգրավված է գործընթացում, սակայն մեծ բացթողում կա. մարդու իրավունքներին վերաբերող կետերը արտացոլված չեն ստորագրված փաստաթղթերում: Մյուս կողմից ԱՄՆ-ն` որպես միջնորդ և կազմակերպիչ, բարոյական և քաղաքական պատասխանատվություն ունի այն մարդկանց նկատմամբ, որոնց իրավունքները ոտնահարվում են:
Հիշեցնենք Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։