Արագածոտնի թեմի հաշվապահի տնային կալանքն ուզում են երկարաձգել

60–ամյա կինը տնային կալանքի տակ է հոկտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը երկարացնելու վերաբերյալ»,– նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։