200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10 տարի կամ 20 տարի հետո չպետք է ունենամ. Գալյան

Սրբուհի Գալյանի խոսքով` իր լավ կրթություն ունենալն է ապահովում իր լավ աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գնած առանձնատան գործարքի մանրամասներին չի տիրապետում, սակայն վստահ է՝ հայտարարագրում այն թափանցիկ կներկայացվի։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե պաշտոնյանների կողմից արվող գործարքները թափանցիկ են արվում։
Նշենք, որ «Հետքը» հոդված է հրապարակել, որտեղ նշվել է, որ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով»։ Կայքը նշել է, որ քառակուսի մետրը (քմ) 420 հազար դրամ վաճառվող տունը պատգամավոր Հայկ Կոնջորյանը ձեռք է բերել պարզ հաշվարկով՝ քառակուսի մետրը (քմ) 300 հազար դրամով։ Թե ինչպես է Կոնջորյանին հաջողվել այդպիսի գործարք կատարել և «խնայել» 21 մլն դրամ, դեռ չի հաջողվել պարզել։ Կոնջորյանն էլ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ անշարժ գույքը գնել է շուկայական արժեքին համապատասխան, հիփոթեքային վարկով՝ 20 տարով, Առինջ գյուղում։
«Նախ՝ ես պայմանագրի կողմ չեմ, 2-րդ՝ ներկա չեմ գտնվել պայմանագրի կնքմանը, 3-րդ՝ առհասարակ չեմ տիրապետում որևէ տեղեկատվության, որը կարող է վերաբերել այդ գործարքին։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ գիտի, որ վաղ թե ուշ գործարքի վերաբերյալ ցանկացած տվյալ հայտնվելու է հայտարարագրում»,– ասաց Գալյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ մոտ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ձեռք են բերում մի քանի տասնյակ միլիոնավոր դրամների արժողության գույք, թեկուզ՝ վարկով, Գալյանը պատասխանեց՝ կրկին հղում անելով հայտարարագրման ինստիտուտին։
«Չգիտեմ՝ ի՞նչ հիմքերով է ձեռք բերել, վարկավորման միջոցներով է ձեռք բերել, թե ինչ եկամուտների հաշվին է ձեռք բերել, բայց վստահաբար դրանք հայտարարագրված են։ Ամեն դեպքում հիփոթեքը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան և մարել պարտքը, օրինակ՝ 20, 25 կամ 30 տարվա ընթացքում։ Կարծո՞ւմ եք՝ նախարարները կամ իմ նման կրթություն ստացած անձինք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չեն ունենա այնպիսի արժանապատիվ աշխատավարձ, որ 20 կամ 10, կամ 15 տարվա ընթացքում չեն կարող մարել»,– շարունակեց Գալյանը։
Նախարարի համար ընկալելի չէ հարցադրումը, թե «Քաղաքացիական պայմանագրի» անդամները եկել են պաշտոնի, որ 200 միլիոնանոց տուն առնեն։ «Կներեք, մարդն աշխատում է, ընդ որում, կատարում է շատ ծանր աշխատանք։ Ես իմ մասին եմ խոսում։ Այո՛, 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան կարող եմ ունենալ»,– ընդգծեց Սրբուհի Գալյանը։
Նա կրկին հիշեցրեց` «իր լավ կրթություն ունենալը»` վստահեցնելով, որ անգամ նախարար չլինելու դեպքում լավ աշխատանք կարող է ունենալ։