ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Իվանովոյի մարզում` Ուվոդսկոյե ջրամբարի մոտ (Իվանկովո գյուղի մոտակայքում), Ան-22 ինքնաթիռ է կործանվել, բեկորները հայտնաբերվել են ջրի մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, ինքնաթիռում անձնակազմի յոթ անդամ է եղել։ Նախնական տեղեկություններով՝ անձնակազմի անդամները զոհվել են։ Հնարավոր ողջ մնացածների որոնումները շարունակվում են։
Նախնական տվյալով`Ան-22-ը մասնատվել է տեխնիկական սպասարկումից հետո փորձնական թռիչքի ժամանակ։ Դեպքի վայր է մեկնում ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։
Ըստ Mash–ի` ինքնաթիռը վերջին անգամ կապի է դուրս եկել ժամը 11:00-ին։ Դրանից մի քանի ժամ անց ընկել է Ֆուրմանսկի շրջանում։
Իվանովոյի մարզում նման դեպք էր եղել նաև մեկուկես տարի առաջ` Իլ-76–ի կործանման հետևանքով 15 մարդ էր զոհվել (անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր)։