ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նշենք, որ Միհրան Հակոբյանին ծեծի են ենթարկել դեկտեմբերի 8-ին, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում:
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)»,- նշեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկողները եղել են դիմակներով ու հարվածները հասցրել են թիկունքից: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո պարզվել է, որ առկա է քթի կոտրվածք, ինչպես նաև հարվածներ են եղել գլխի հատվածում: