ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է երկրում բռնության ցանկացած դրսևորում և ընդգծում՝ դրա տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
«Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է։ Բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք՝ պատասխանատվություն կրեն։ Միևնույն ժամանակ, պաշտպանն արձանագրում է, որ նշվածն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՄԻՊ-ի՝ պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ բռնության յուրաքանչյուր դեպք կանխարգելելու ուղղությամբ։
Մանասյանն ընդգծում է նաև, որ ՀՀ-ում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը: Ընդ որում` խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանը, այլ հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում:
Նշվածի մասով՝ պաշտպանը հաստատել է իր հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր դերակատարների հետ` բռնության ցանկացած ձևի կանխարգելմանն ուղղված գործիքակազմեր մշակելու և ներդնելու հարցում։
Պաշտպանն ընդգծել է՝ բարձրացված հարցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը կրում է օրակարգային բնույթ, իսկ դրա հապաղումը սպառնալիք է հանրային անվտանգությանը։