ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Գերմանիա այցը պատմական է. Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները թևակոխում են ռազմավարական գործընկերության փուլ։ Այդ մասին այսօր ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասուլիսը հաջորդել էր Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագրի ստորագրմանը։
«Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ՀՀ–ԵՄ գործընկերության շրջանակում։ Մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմամբ»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը ՀՀ նկատմամբ։
ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր հերթին նշեց, որ Փաշինյանի հետ պայմանավորվել են շատ կոնկրետ նախագծերի շուրջ։
Ֆրիդրիխ Մերց, Նիկոլ Փաշինյան
© Getty Images / Sean Gallup
«Գերմանիան Հայաստանին կօգնի էներգամատակարարման ոլորտում։ Այս ոլորտում առավել մեծ անկախության հասնելու համար մենք պետք է աջակցենք Հայաստանին»,– ընդգծեց նա։
Մերցը նաև նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը նաև լայն հնարավորություններ է բացում Եվրամիության համար։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր Հայաստանի` ԵՄ անդամ անդամակցությանը, Ֆրիդրիխ Մերցն ասաց, որ Գերմանիան սիրով է ընդունել Հայաստանի ցանկությունը` շատ ավելի սերտացնելու հարաբերությունները ԵՄ հետ։
«Այդ նպատակով բազմաթիվ նախադրյալներ ու չափանիշներ պետք է բավարարվեն։ Արդյոք Մոլդովայի օրինակով դա ասոցացման պայամանգրի տեսքով կլինի, թե ոչ, դա արդեն տվյալ երկիրն է որոշելու։ Մենք շեշտում ենք, որ սա պատմական շանս է Հայաստանի համար»,– հայտարարեց ԳԴՀ կանցլերը։
Նա ավելացրեց, որ ընդունել է Փաշինյանի հրավերը և 2026 թ․ մայիսի 4–ին կլինի Հայաստանում՝ մասնակցելու Եվրոպական համայնքի գագաթնաժողովին։
«Սա իմ օրացույցի բաղկացուցիչ մասն է»,– վստահեցրեց Մերցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նա հանդիպումներ է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: