Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Չուվաշիայում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել. կան տուժածներ

Չեբոկսարիում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքները
Արտակարգ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ արագ վերացնում հետևանքներն ու ապահովում անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Չեբոկսարիում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով բնակելի շենքեր են վնասվել, վիրավորվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումը գրանցվել է այսօր առավոտյան։
«Ցավոք, կան տուժածներ, բնակելի շենքեր են վնասվել», – գրել է Նիկոլաևը Telegram-ում։
Նրա խոսքով՝ արտակարգ ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ արագ վերացնում հետևանքներն ու ապահովում անվտանգությունը։
«Չեբոկսարիի մի քանի մայրուղիներում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, Խուզանգայա 8 փողոցում գտնվող թիվ 20 դպրոցում օգնության կետ է բացվել», – ասել է նա։
Նիկոլաևը նաև վստահեցրել է, որ վնասված բնակելի շենքերը կվերականգնվեն։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերը անցած գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 121 անօդաչու են ոչնչացրել։