ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Վրաստանն իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց:
«Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից հարցում է ստացել Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ «Վրացական երկաթուղուն» հանձնարարություն է տրվել մեկանգամյա կարգով երկաթուղային բեռնափոխադրումն իրականացնել ամբողջովին անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Հիշեցնենք, որ ռուսական ցորենի խմբաքանակը հայկական «Այրում» (հայ-վրացական սահման) սահմանային երկաթուղային կայարան էր ժամանել նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենը` նոյեմբերի 8-ին: Դրանք վերջին 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով կամ նրա տարածքով դեպի Վրաստան, ապա` Հայաստան (քանի որ Ղազախստանից եկող ցորենը նույնպես անցել է ՌԴ տարածքով)։