Թրամփը շնորհակալ է Փաշինյանից և Ալիևից. նա նաև ՀՀ վարչապետին է նամակ ուղարկել

Նիկոլ Փաշինյանը, Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը Սպիտակ տանը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շարունակական գործընկերության շնորհիվ կարող են հասնել անհնարինին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը:
Նշենք, որ մինչ այս նույնաբովանդակ նամակ Թրամփն ուղարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը»,- գրել է նա:
Թրամփը շեշտել է՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ շարունակում է հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը:
ԱՄՆ նախագահը վստահ է՝ Փաշինյանի և Ալիևի շարունակական գործընկերության շնորհիվ կարող են հասնել անհնարինին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Հենց այդ օրը Փաշինյանն ու Ալիևը ասացին, որ կաջակցեն Թրամփին` Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ դառնալու հարցում։