ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ Սլովակիան պատրաստ է Ադրբեջանին ոչ միայն զենք վաճառել, այլև համատեղ արտադրել ու վաճառել երրորդ երկրներին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինը։
Նշվում է, որ Սլովակիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ ընդգծելով, թե այժմ ուշադրությունը կարող է կենտրոնացվել հետկոնֆլիկտային շրջանի վրա։
«Ադրբեջանը կարող է մեզ համար ռազմավարական գործընկեր դառնալ․․․ Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մենք մտադիր չենք պարզապես զենք վաճառել Ադրբեջանին։ Մենք մեծ փորձ ունենք ինքնագնաց հրետանու և այլ ոլորտներում, ուստի կարող ենք աշխատել Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ արտադրության ուղղությամբ։ Համատեղ արտադրված արտադրանքը մենք կարող ենք վաճառել երրորդ երկրներին»,- ասել է Պեգերինը։
Նա հավելել է, որ Ադրբեջանն արդեն հայտնել է հրետանային համակարգեր ձեռք բերելու մտադրության մասին։