ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik․ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ռուսական գազի տարանցման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի հետ։ Տեղեկությունը հայտնում է հունգարական M1 հեռուստաալիքը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից։
«Մտածեք «Հյուսիսային հոսքի» մասին։ Այս երաշխիքը լուրջ գործ է։ Դրա անհրաժեշտությունը կարող է լինել»,- ասել է Օրբանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայացած բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Էրդողանի հետ բանակցություններից առաջ Օրբանը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ արդեն պայմանավորվել է Հունգարիա գազ մատակարարելու, իսկ ԱՄՆ-ի հետ՝ այդ մատակարարումները պատժամիջոցներից ազատելու շուրջ, այժմ մնում է տարանցման հարցով պայմանավորվել Թուրքիայի հետ։
2025 թվականին Բուդապեշտն արդեն 7,5 մլրդ խմ գազ է ստացել «Թուրքական հոսք» գազատարով։