ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Լուվրում ջրի արտահոսքի պատճառով վնասվել է եգիպտագիտության շուրջ 400 գիրք։ Տեղեկությունը հաղորդում է «Le Figaro»-ն:
Ինչպես հայտարարել է թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրանսիս Շտեյնբոկը, տուժել է 300-ից մինչեւ 400 ձեռագիր, այդ թվում եգիպտագիտության վերաբերյալ հետազոտություններ և 19-րդ դարի վերջի ու 20-րդ դարի սկզբի գիտական փաստաթղթեր:
Նրա խոսքով՝ ներկայիս վնասները անդառնալի չեն. այդ փաստաթղթերը շատ կարևոր են և հաճախ օգտագործվում են գիտնականների կողմից, սակայն համաշխարհային մասշտաբով դրանք եզակի չեն:
«Դրանք կչորացվեն, կուղարկվեն կազմարարի մոտ, որը դրանք կրկին պատշաճ վիճակի կբերի», - ասել է Շտեյնբոկը։
Թանգարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ջրի արտահոսքը հայտնաբերվել է նոյեմբերի 26-ի երեկոյան գրադարանի ջեռուցման և օդափոխության համակարգում: Այնտեղ սխալմամբ բացվել է փականը, ինչի պատճառով ջուրը արտահոսել է Եգիպտագիտության բաժանմունքի առաստաղի միջով։
Ինչպես նշել է Շտեյնբոկը, այդտեղի ինժեներական համակարգերը հնացել են և հաջորդ տարվա սեպտեմբերին պետք է փոխարինվեն՝ նման դեպքերում մարդկային գործոնի ռիսկերը բացառելու համար:
Հավելենք, որ «Le Figaro»-ն այս լուրն ուղեկցել է «Սև շարք Լուվրում» մեկնաբանությամբ՝ նկատի ունենալով ֆրանսիական թագի զարդերի թալանից հետո տեղի ունեցած նոր տհաճ միջադեպը: