ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկրի վրա թմրամիջոցների բիզնեսով զբաղվող ընկերությունների դեմ պայքարել նույն եղանակով, ինչ ծովում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ներկայում ԱՄՆ-ն թմրաթրաֆիկի դեմ պայքարի շրջանակներում հարվածներ է հասցնում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ափերի մոտ իբր թմրանյութերով բեռնված նավակներին։
«Մենք պատրաստվում ենք նույն գործընթացը սկսել ցամաքում, քանի որ գիտենք յուրաքանչյուր երթուղի ու յուրաքանչյուր տուն, գիտենք, թե որտեղ են նրանք ապրում: Մենք ամեն ինչ գիտենք նրանց մասին», – ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Քենեդու կենտրոնի մրցանակների հանձնման կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընթրիքին։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ծովային եղանակով ԱՄՆ մտնող թմրանյութերի քանակը կրճատվել է 94%-ով:
«Եվ ես փորձում եմ պարզել, թե ովքեր են այդ մնացած 6%-ը», – նշել է Թրամփը:
ԱՄՆ-ն Կարիբյան տարածաշրջանում ռազմական ներկայությունն արդարացնում է թմրավաճառության դեմ պայքարով։ Սեպտեմբերին և հոկտեմբերին Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործել է իր զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ նավակներ ոչնչացնելու համար, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում: NBC հեռուստաալիքը սեպտեմբերի վերջին հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը մշակում են Վենեսուելայի տարածքում թմրավաճառներին հարվածներ հասցնելու տարբերակներ: Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են, ընդ որում նա հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը Կարակասի դեմ պատերազմ չի ծրագրում: