Սպասվում են ուժեղ մագնիսական փոթորիկներ դեկտեմբերի 9-10-ին. գիտնականներ

Բռնկում արևի վրա. Արխիվային լուսանկար
Գիտնականների հաշվարկներով՝ ազդեցության բարձրակետը կլինի դեկտեմբերի 9-ի երկրորդ կեսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Նախօրեին Արեգակի վրա եղած բռնկումից արտանետված պլազմայի՝ Երկիր հասնելուց հետո դեկտեմբերի 9-10-ը ուժեղ մագնիսական փոթորիկներ կարող են տեղի ունենալ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:
«Այս գիշեր տեղի ունեցած M8.1 դասի բռնկումից հետո պլազմայի արտանետման արդյունքում դեկտեմբերի 9-10-ը սպասվում են G2–G3 մակարդակի (միջին- ուժեղ) մագնիսական փոթորիկներ», - ասված է լաբորատորիայի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բռնկումը չափավոր ուժ է ունեցել, սակայն պայթյունի կենտրոնի՝ հենց Արեգակ-Երկիր գծի վրա գտնվելու պատճառով մոլորակին փաստացի ճակատային հարված է սպասվում, և չկան դրա ազդեցությունը նվազեցնող գործոններ:
Գիտնականների հաշվարկներով՝ ազդեցության բարձրակետը կլինի դեկտեմբերի 9-ի երկրորդ կեսին, ինչը, գեոմագնիսական ինդեքսների սպասվող բարձր արժեքների հետ համատեղ, բևեռափայլերի ձևավորման համար ստեղծում է նպաստավոր պայմաններ: