Փաշինյանը քաղաքացիների մոտ 50– հոգանոց խմբի հետ այցելել է Կիրանց. տեսանյութ

Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների մոտ 50– հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր` Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատված հատված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ու քաղաքացիների խումբը Կիրանցի պատի մոտ
Փաշինյանը հայտարարել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է:
Կիրանցի պատը
«Ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլն դրամի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում: Մինչև սահմանազատումը գյուղը 90 տնտեսություն է ունեցել»,– ասել է նա:
Այնուհետև խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին:
Փաշինյանը Կիրանցի դպրոցի դահլիճում
Այդ նպատակով կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:
Փաշինյանը քաղաքացիների հետ այցելել է նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Կառավարությունից նաև նշում են, որ կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:
Հայ–ադրբեջանական սահմանի փշալարերը
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի` շուրջ 7 ժամ տևած ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրառում արեց` հայտարարելով, որ պատրաստ է ՀՀ–ի ձեռք բերած նորագույն սպառազինությունը ցուցադրել ոչ միայն ՀՀ երեք նախագահներին, այլև արդարության համար` նաև ՀՀ քաղաքացիների ցանկացած 50– հոգանոց խմբի։