ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկների վրա լուրջ աշխատելու հարցում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք առաջվա պես բաց ենք բանակցությունների համար և շահագրգռված ենք շարունակել և մեկնարկել լուրջ աշխատանքը փաստաթղթի հիմնային նախագծի վրա, որը պատրաստել է պարոնԹրամփի թիմը։ Այնպես որ, այդ առումով մենք պատրաստ ենք, մենք սպասում ենք»,-ասել է Պեսկովը RT-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանը, նրա խոսքով, ամեն ինչ կանի իր շահերը պաշտպանելու համար։ Նա կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը. Ռուսաստանը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը, եթե չկարողանա խաղաղ միջոցներով հասնել Ուկրաինայում իր նպատակներին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության հարցում:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահի փեսա, «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:
Ուշակովի խոսքով՝ կողմերը հայտարարել են Ուկրաինայում խաղաղ երկարաժամկետ կարգավորման հասնելու նպատակով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: