ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի ղեկավարության հետ բանակցությունները բաց և կառուցողական է որակել։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նախագահական պալատում ռուսական պատվիրակության պետական այցին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին կառուցողական և բաց երկխոսության, արդյունավետ համատեղ աշխատանքի համար։
«Հնդիկ ընկերների հետ այսօր և երեկ կայացած մեր բանակցություններն առանձնացել են շատ բաց և կառուցողական մթնոլորտով», – ընդգծել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը սերտ համագործակցում են Եվրասիական ընդարձակ տարածքում անվտանգության, վստահության և խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար։
Նա նաև նշել է երկու երկրների արդյունավետ համակարգումը բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ում, և հիշեցրել, որ 2026 թվականին Հնդկաստանն է նախագահելու միավորումը։
Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 4-ին Հնդկաստան է ժամանել երկօրյա պետական այցով։ Այսօր կայացել են Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունները։