ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է բազմապատկել Հնդկաստանից ապրանքների և ծառայությունների գնումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուս-հնդկական ներկրողների ֆորումի լիագումար նիստում Պուտինը հնդկական տնտեսությունն անվանել է «ամենադինամիկ աճողներից մեկը» և նշել Հնդկաստանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները.
Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ծառայությունների և կապիտալի տեղաշարժի խոչընդոտների վերացում։
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագրի իրականացում:
Մինչև 2030 թվականը Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի:
ԱԲ ոլորտում երկրների միջև լայն գործընկերության զարգացում: Ռուսաստանը հետաքրքրված է ԱԲ-ին նվիրված գագաթնաժողովով, որ կայանալու է Հնդկաստանում 2026 թվականի փետրվարին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատասխանել է, որ տարեկան ապրանքաշրջանառության 100 մլրդ դոլարի նպատակին կարելի է հասնել շատ ավելի շուտ։
Առավոտյան` ռուս-հնդկական բանակցություններից հետո, Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի և, ըստ տարբեր գնահատականների, կազմել է 64-65 մլրդ դոլար:
Երեկ Պուտինը Հնդկաստան է ժամանել երկօրյա պետական այցով: Նույն օրը նա ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Մոդիի հետ։ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել օդանավակայանում։