ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան Վաշինգտոնից սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի ու ԱՄՆ նախագահի փեսայի՝ «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշների միջև տեղի ունեցած քննարկումների արձագանքին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ամերիկյան ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։
«Այժմ սպասում ենք դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած քննարկմանը ամերիկացի գործընկերների արձագանքին», – ասել է Ուշակովը լրագրողներին:
Ավելի վաղ Ուշակովը հայտնել է, որ Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի ու Քուշների հետ տևել է 5 ժամ: Հանդիպմանը քննարկվել է ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի էությունը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկներ։ Նրա խոսքով՝ կողմերը հայտարարել են Ուկրաինայում խաղաղ երկարաժամկետ կարգավորման հասնելու նպատակով համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: