Մեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2–րդին

Բենուա Պայանը լուսանկար է հրապարակել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին քաղաքապետը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Գրառմանը կից Պայանը նաև լուսանկարներ է հրապարակել Գարեգին Երկրորդի հետ։
«Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր և հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է քաղաքապետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, ապա երկօրյա այցով լինելու էր Ֆրանսիայում։
Կաթողիկոսին ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը։