ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի-Sputnik. Հայ Առաքելական եկեղեցու ներսում խնդիրները պետք է լուծվեն բացառապես ներսում, առանց արտաքին միջամտության։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, աստվածաբան Ստեփան Ստեփանյանցը ՝ մեկնաբանելով եկեղեցու շուրջ վերջին զարգացումները։
Նշենք, որ այսօր տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։ Այսօր առավոտյան 2 ամսով կալանավորվեց նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ստեփանյանցի խոսքով ՝ եկեղեցում ծագող ցանկացած խնդիր ավանդաբար լուծում է Ազգային եկեղեցական ժողովը։
«Ձերբակալություններով ի՞նչ, հա եկեք բոլորին ձերբակալենք, և ինչ է փոխվելու դրանից, ո՞ւմ է օգուտ, դրանից եկեղեցին միայն կթուլանա», - նշեց նա։
Ստեփանյանցը հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի պաշտպանն ու ազգային ինքնության պահապանը: Ցավով հավելեց, որ հստակ արձագանք դեռ չի լսել Կիլիկիո, Պոլսո և Երուսաղեմի պատրիարքներից։
Փորձագետը նաև ընդգծեց, որ ոչ ոք չի կարող այս պահին պահանջել կաթողիկոսի հրաժարականը, քանի որ դա բացառապես Ազգային եկեղեցական ժողովի իրավասությունն է: