Բողոքի ակցիա ԵՄ պատվիրակության շենքի մոտ․ Նարեկ Սամսոնյանի կինը նամակ փոխանցեց

Ակցիան կազմակերպել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների կողմնակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի առջև բողոքի ակցիա իրականացվեց՝ ի աջակցություն «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի։
Ակցիան կազմակերպել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակների կողմնակիցները։
Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, նամակ փոխանցեց ԵՄ դեսպանատուն, բայց միևնույն ժամանակ ընդգծեց՝ քիչ հավանական է համարում, որ արձագանք կլինի։
«Եվրոպական կառույցների լռությամբ և հովանավորչությամբ ՀՀ-ում այսօր տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ընդդիմադիր գործիչներին լռեցնում են։ Իմ նամակը զուտ պատմության համար է, որ ֆիքսվի, թե ինչ է կատարվել ու ինչպիսի լռությամբ են այդ ամենը հանդուրժել։ Մենք ասում ենք, թե ԵՄ–ն պայքարում է մարդու իրավունքների, խոսքի ազատության համար. այդ դեպքում չե՞ն տեսնում` Հայաստանում ինչ է կատարվում»,– ասաց Առաքելյանը։
Նամակում ներկայացված է, թե ինչ գործողություններ են իրականացվել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։