ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ ոստիկանությունը բացահայտել է դեկտեմբերի 1-ից որպես անհայտ կորած որոնվող 42-ամյա Արմինե Մկրտումյանի սպանությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի ջրատարներից մեկում հայտնաբերվել էր որպես անհետ կորած որոնվող 42-ամյա Արմինե Մկրտումյանի դին։ Նրա մարմինը հայտնաբերվել է Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում՝ մարմնական վնասվածքներով:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչը։
«Նա խոստովանել է, որ ինքն է սպանել է 42-ամյա կնոջը»,-հայտնում է ոստիկանությունը։
Դեպքի վերաբերյալ shamshyan.com-ն էլ հայտնում է, որ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ն: Կայքի տեղեկություններով՝ տղամարդը խոստովանել է, որ սպանությունը կատարել է, երբ «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել։
Կայքի տեղեկություններով՝ ավելի վաղ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արմինե Մ.-ն նստել է «Renault» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել։ Սպանվածը դեկտեմբերի 1-ից որոնվում էր որպես անհայտ կորած։