Զեղծարարները հաճախորդներից գումար կորզելու նպատակով ներկայացել են ԿԲ անունից. զգուշացնում

ՀՀ ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացում է տարածել։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում»,–ասված է հայտարարության մեջ:
ԿԲ–ից հորդորում են` եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել սպասարկող բանկի հետ:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներ մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։