Երկիրն են փակում, թերթն ի՞նչ է. «Գրեթերթի» խմբագիրը` ֆինանսավորման դադարեցման մասին

Գուրգեն Խանջյանը. Արխիվային լուսանկար
Գուրգեն Խանջյանը չի բացառում, որ ֆինանսավորման դադարեցումն իր` ընդդիմադիր հարցազրույցների հետևանքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ– ն դադարեցրել է շուրջ 20 տարի գործող «Գրեթերթ» գրական-երիտասարդական ամսաթերթի ֆինանսավորումը, սակայն գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանին պատճառները չեն ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գուրգեն Խանջյանը նշեց, թե պատճառների մասին միայն կարող է ենթադրել, բայց վստահ է՝ խնդիրը թերթի բովանդակությունը չէ։
«Երևի պատճառն ինձ հետ է կապված՝ 2 անգամ ընդդիմադիր թեմաներով ինչ-որ հարցազրույցներ եմ տվել… հիմա ընտրություններից առաջ տեսնում եք` ինչ իրավիճակ է. պատերազմ է փաստորեն»,– նշեց նա։
Դեկտեմբերի 3–ին հայտնի դարձավ, որ պետական ֆինանսական աջակցությունից զրկել են Գրողների միության երիտասարդական գրական թերթին՝ «Գրեթերթին»։
«Գրեթերթը» երիտասարդ հեղինակների առաջին գրական փորձերի համար հարթակ էր, և թերթի դադարեցումը նրանց դժգոհությունն է առաջացրել։ Շատերը, ըստ Խանջյանի, առաջարկում են դրամահավաքով աջակցել պարբերականին, սակայն խմբագիրը նման տարբերակը ճիշտ չի համարում։
«Նախարարության աշխատակիցներից մեկը միայն ասել է, թե «ուզում են թղթե թերթերը վերացնել», սակայն դա հիմնավոր պատճառ լինել չի կարող լինել, քանի որ որևէ այլ թղթե պարբերականի ֆինանսավորում չի դադարեցվել։ Ի՞նչ է նշանակում` թղթե թերթերը վերացնել, եթե ամբողջ աշխարհում ընդունված մշակույթ է, որ մարդիկ` սրճարաններում նստած, թղթե թերթեր ձեռքերին կարդում են։ Այդ դեպքում կարելի է թղթե գրքերն էլ վերացնել, միայն կայքային թողնել»,– նշեց Գուրգեն Խանջյանը։
Ընդգծեց, որ սա գրաքննության սկիզբն է։ «Երբ թատրոններ են փակվում, երբ եկեղեցի են ուզում փակել, թերթն ի՞նչ է… երկիր է փակվում, ի վերջո։Շատ վտանգավոր ճանապարհ է, քանի որ հայտարարեցին չէ, որ այն գործերը, որոնք չեն համապատասխանելու այսօրվա իրական Հայաստանի գաղափարախոսությանը, չեն աջակցվի, չեն խրախուսվի, սա գրաքննության սկիզբն է։ Եթե վերից այսպես բան ես հայտարարում, ներքևի օղակներն անմիջապես անցնում են գործողության»,– մանրամասնեց նա։
Խանջյանը հայտնեց, որ տարեկան պետական դրամաշնորհը 2 միլիոն 300 հազար դրամ էր, որից մի մասը վերադարձվում էր կառավարությանը, այսինքն՝ իրականում թերթի տրամադրության տակ մնում էր 1 մլն 800–900 հազար դրամ։
«Տպաքանակը 700 օրինակ էր, որը չէինք վաճառում, պարզապես բաժանում էինք ջահել ընթերցողներին, գրախանութներին, գրադարաններին… ծրագրեր կային, բոլորը խախտվեցին։ Թերթը տարածվում էր Երևանում, Գյումրիում, Վանաձորում՝ նպաստելով երիտասարդ գրողների ճանաչողական հարթակի ձևավորմանը»,– ասաց Խանջյանը։
Հայ արձակագիրը, խոսելով այն հեղինակների արձագանքների մասին, որոնք հիմա իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ են, ասաց, որ նրանք զանգերին անգամ չեն պատասխանում։
«Գուցե ամոթի զգացում ունեն, չեն իմանում՝ ինչ ասեն։ Գիտեք, եթե սա հրապարակախոսական թերթ լիներ, գաղափարախոսական, ապա այդ դեպքում ինչ-որ աղմուկ կբարձրացնեինք։ Բայց սա գրական թերթ է»,– ասաց Գուրգեն Խանջյանը։
Խմբագրությունը պատրաստվում է դիմել նախարարությանը՝ պահանջելով պաշտոնական բացատրություն։
Sputnik Արմենիան նույնպես դիմել է ԿԳՄՍՆ-ին՝ հասկանալու, թե ի՞նչ հիմնավորմամբ է դադարեցվել «Գրեթերթի» ֆինանսավորումը։ Մեզանից գրավոր հարցում պահանջեցին։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։