ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – sputnik. ՀՀ ազգային ժողովը վավերացրեց բեռնափոխադրումների ոլորտում ԵԱՏՄ համաձայնագրի նախագիծը։
Նշենք, որ «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում և երթուղիներում ներառված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին կողմ քվեարկեց 93 պատգամավոր։ Նախագծին խորհրդարանականներից որևէ մեկը ձեռնպահ և դեմ չքվեարկեց։
Ըստ էության` տվյալ համաձայնագիրը վավերացվելու է, որպեսզի ազգային օրենսդրությունը ներդաշնակեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությանը և կիրառվի միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ:
Ըստ հիմնավորման՝ չափորոշիչները անդամ-պետություններում գործող նորմերին համապատասխանեցնելը դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով։
Նշվում է, որ ՀՀ-ն նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև, որը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի հիման վրա։
Համաձայնագիրը 2025 թվականի նոյեմբերի դրությամբ ստորագրված է, բայց դեռևս ուժի մեջ չի մտել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի վավերացմանը։