ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Պետք է ամենախիստ, կոշտ, կոպիտ ուժային, դաժան միջոցներ ձեռնարկել մեր երկրում քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա սկսվում է նրանից, որ երբ տղա երեխաների լեզուները բացվում է, նույնիսկ երբեմն մամա-պապա բառերից առաջ հայհոյանք ենք սովորեցնում, հետո էլ ազգուտակով հավաքվում, ծափ տալիս։ Ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք պետք է էդ հարցերով զբաղվենք»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ ամեն օր լրահոսը ողողված է վենդետաների, ծանր հանցագործությունների, քրեական բարքերի մասին նորություններով։
Փաշինյանի համոզմամբ՝ սոցիալական ցանցերն այսօր բավականին բացասաբար են անդրադառնում իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ օրեր առաջ Ավստրալիան արգելեց անչափահասների հասանելիությունը սոցիալական ցանցերին։
Լիլիթ Գալստյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ անցնող 35 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական խոսույթում որևէ գործիչ հայհոյանքն այնպես չի լեգիտիմացրել, ինչպես Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։
«Երբ որ Դուք անգամ, ես անհարմար եմ զգում այս ամբիոնից հայտարարել, բայց սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-ներով կամ սոցիալական ցանցերում, և իմ միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս՝ «մի՞թե սա Ձեր վարչապետն է», ես գետինն եմ մտնում՝ անկախ նրանից այս թիմից եմ, թե այն։ Սա է իրականությունը և առերեսվեք դրա հետ»,- արձագանքեց Գալստյանը։
Փաշինյանն այս դիտարկումից հետո շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ միշտ առաջարկում են տեսնել իրենց թերություններն ու շտկել դրանք։