ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ չի ցանկանում վիճել Թրամփի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. Արխիվային լուսանկար
Գուտերեշը հայտարարել է, որ հետ չի կանգնի համաշխարհային կազմակերպության սկզբունքներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ չի ցանկանում բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով «Reuters Next» համաժողովում։
«Բանավեճ վարելու միայն մեկ եղանակ կա՝ երբ երկու կողմերն էլ մտնում են դրա մեջ։ Ինձ չի հետաքրքրում ԱՄՆ վարչակազմի հետ բանավեճ ծավալելը։ Ես շահագրգռված եմ պահպանել ՄԱԿ-ի սկզբունքները և այն արժեքները, որոնց վրա, իմ կարծիքով, կարելի է կառուցել ավելի ազնիվ աշխարհ, որտեղ հարգում են միջազգային իրավունքը, իսկ հսկայական անհավասարությունը հաղթահարված է», - ասել Է Գուտերեշը։
Նա ընդգծել է, որ հետ չի կանգնի ՄԱԿ-ի սկզբունքներից և կպայքարի կլիմայի փոփոխության, Անվտանգության խորհրդի, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարեփոխումների, գենդերային հավասարության համար:
Նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ, որպես ճնշման գործիք, կրճատել էր ՄԱԿ-ի ամերիկյան ֆինանսավորումը՝ միջազգային կազմակերպությունը բարեփոխելու նպատակով: