ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջնակարգ հանրակրթական դպրոցների տասներկուերորդ՝ ավարտական դասարաններում փորձնական կարգով կանցկացնի վարորդական դասընթացներ: Այս մասին ԱԺ—ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությանն աջակցելու հնարավորությունները քննարկվել են ՆԳՆ գործընկերների հետ։
«Կարծում եմ՝ լավ գաղափար է ապագա վարորդական քննությունների համար գոնե տեսական դասընթացի անցկացումը։ Վստահ եմ, որ հաշվի առնելով մեր կադրային հնարավորությունները, այդ թվում՝ պարեկային ոստիկանության կադրային բազան, կարող ենք առաջիկայում քննարկել` ինչպես սկսել գործընթացը», - ասաց նախարարը։
Հավելենք, որ դպրոցներում գործնական հմտությունների ավելի մեծ ծավալի դասավանդման հնարավորությունը նախատեսված է նոր կրթական ծրագրով, որին աստիճանաբար անցում են կատարում երկրի միջնակարգ դպրոցները: