Ի՞նչն է նպաստելու 2026 թ-ին արդյունաբերության աճին. ՀՀ ֆինանսների նախարարի պատասխանը

Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում արդյունաբերության աճը 2026 թ. առաջանցիկ է լինելու ու միջինում կազմելու է 6.8 տոկոս։ ՀՀ պետական բյուջեի վերանայված նախագծում նշված այս ցուցանիշը զարմացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
«Ո՞ր լոկոմոտիվ ձեռնարկությունների մասին է խոսքը, որոնք վերջին տարիների արդյունաբերության անկման պայմաններում կամ շատ ավելի դանդաղ աճի պայմաններում ապահովել են ավելի բարձր, առաջանցիկ աճի տեմպեր»,– այսօր ԱԺ–ում հարց ուղղելով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին` հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց` երբ խոսում են արդյունաբերության աճի մասին, իշխանություններն իրենց մակրոմոդելներով դիտարկել են տնտեսությունն ու հասկացել միտումները։
«Արդյունքում մենք գտնում ենք, որ մեր արդյունաբերության աճը վերականգնվելու է։ Եթե արդյունաբերության աճի առանձին գործոն նշեմ, ապա գործոններից էականը Ամուլսարի գործարկումն է»,– հայտարարեց նախարարը։
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 27–ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել էր` կանխատեսում են, որ 2026 թ. ընթացքում 4 տոննա ոսկի են արդյունահանելու, իսկ հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։
Նա նշել էր նաև, որ Ամուլսարում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, , սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։