ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այն պահին, երբ կավարտվեն «Սպարտակ» մարզադաշտի հետ կապված իրավական գործընթացները, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այն կվերանորոգի ու կծառայեցնի ըստ նշանակության։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան անկախ պատգամավոր Գեղամ նազարյանի հարցի ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Պատգամավորին հետաքրքրում էր` ի՞նչ է լինելու «Սպարտակ» մարզադաշտի ճակատագիրը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ նախարարական կոմիտեում մի նախագիծ են քննարկելու, ըստ որի` Վանաձորի մարզական համալիրը վերադարձվելու է պետությանը և կքննարկվի, թե ինչ ծրագրեր պետք է իրականացնեն, որ այն ծառայի իր նպատակին։
««Սպարտակ» մարզադաշտի պարագայում էլ մեր նպատակադրումները չեն փոխվում. մարզահամալիրի հետ կապված իրավական գործընթացներ են ընթանում, մենք հիմա սահմանափակված ենք այդ գործընթացներով։ Այն պահին, երբ հնարավոր լինի ենթակառուցվածքի հետ որևէ աշխատանք կատարել, մենք դա անմիջապես կանենք ու կծառայեցնենք ըստ նշանակության»,– հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Հայաստանի երկրորդ ամենահին մարզադաշտն է Գյումրիի քաղաքային մարզադաշտից հետո:
«Սպարտակ» մարզադաշտը 2024 թ. վաճառվել էր 5 մլրդ դրամով։ Այս պահին մարզադաշտի հետ կապված կա նախաձեռնված քրեական վարույթ. գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։