ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է դեկտեմբերի 3-ին իրավական հիմք ներկայացնել ռուսական սառեցված ակտիվները հօգուտ Ուկրաինայի առգրավվելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով «Politico»–ին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՀ-ն նախատեսում է հիմնվել ԵՄ–ի մասին պայմանագրի 122-րդ հոդվածի վրա, որի համաձայն` կառավարություններն իրավունք ունեն «անդամ պետությունների միջև համերաշխության ոգով որոշում կայացնել տնտեսական իրավիճակին համապատասխան միջոցառումների վերաբերյալ»։
Ըստ թերթի` Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է այնպես մեկնաբանել այս կետը, որ պատժամիջոցների երկարաձգման համար ֆինանսական հարցերի կարևորության պատճառով բավական կլինի ստանալ երկրների մեծամասնության հավանությունը. նման քայլը կարող է զրկել Հունգարիային վետոյի իրավունքից։
Դեկտեմբերի 1-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում մտադիր է որոշում կայացնել Ռուսաստանի ակտիվների սեփականազրկման մասին։
Եվրահանձնաժողովը համառորեն փորձում է հասնել ԵՄ երկրների համաձայնությանը Կիևի համար ռուսական սուվերեն ակտիվների օգտագործման հարցում։ Քննարկվում է վարկի տեսքով 185 միլիարդ եվրոյից մինչև 210 միլիարդ եվրո գումարի տրամադրումը, որը Ուկրաինան պայմանականորեն պետք է վերադարձնի հակամարտության ավարտից հետո և «Մոսկվայի կողմից նրան նյութական վնասի վճարման» դեպքում: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական կողմին փոխհատուցումներ վճարելու վերաբերյալ ԵՄ-ի գաղափարները կտրված են իրականությունից, Բրյուսելը վաղուց զբաղվում է Ռուսաստանի ակտիվների գողությամբ:
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի ոսկու և արժույթի պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրոյի չափով: Դրանցից ավելի քան 200 միլիարդ եվրոն գտնվում է ԵՄ-ում, որից 180 միլիարդը՝ բելգիական «Euroclear»-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային-քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 18,1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից: