ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն «Բրյուսելի պարտադրանք» և խարդախություն է անվանել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումն արգելելու մասին ԵՄ-ի ծրագիրը, քանի որ դա միաձայն որոշման պահանջի խախտում է: Այս մասին նա ասել է Բրյուսելում հունգարացի լրագրողների հետ զրույցում։
«Ըստ ձեռք բերված քաղաքական համաձայնության՝ նրանք (Եվրահանձնաժողովը, ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը - խմբ.) ցանկանում են արգելել ռուսական գազի խողովակային մատակարարումը Եվրոպա 2027 թվականի սեպտեմբերից, իսկ ռուսական նավթը՝ 2027 թվականի վերջից։ Հունգարիան չի կարող ընդունել և իրականացնել Բրյուսելի այդ պարտադրանքը», - ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ սույն որոշումը կվտանգի Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, և Բուդապեշտն այն կվիճարկի ԵՄ դատարանում, քանի որ այն «լիովին հակասում է Եվրամիության մասին պայմանագրին, ըստ որի՝ էներգետիկ քաղաքականությունը պատկանում է բացառապես պետությունների իրավասությանը»:
Նշենք, որ Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները համաձայնեցրել են մինչև 2027 թվականը ռուսական գազի ներկրումից փուլային ընթացակարգով հրաժարվելու կանոնները: Գործող պայմանագրերի համար կպահպանվի անցումային շրջան։ Երկարաժամկետ պայմանագրերի համար էմբարգոն կսահմանվի 2027 թվականի հունվարի 1-ից (հեղուկացված գազի դեպքում), իսկ նույն թվականի սեպտեմբերի 30-ից կարգելվի (գազապահեստարանները լցվելու դեպքում, բայց ոչ ուշ, քան նոյեմբերի 1-ը) խողովակով մատակարարվող գազը։