«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալի որդու արարքը հիմք չէ նրան պաշտոնանկ անել համար. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարարը Տավուշում անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի մեջ դրական է համարում փաստը, որ համակարգում աշխատելը պատժից ազատվելու հիմք չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի անչափահաս որդու արարքը հիմք չէ նրան աշխատանքից ազատելու համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Զորական գյուղի միջադեպին։ Նախարարը նաև հիշեցրեց, որ Հայաստանում չի գործում կոլեկտիվ պատասխանատվության ինստիտուտը, այլ գործում է անհատական պատասխանատվության ինստիտուտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Զորական գյուղում 5 աշակերտ ծեծել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող մի տղայի։ Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել։
«Լիազորությունների դադարեցման համար սահմանված կոնկրետ հիմքեր կան։ Քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որոնք նաև չկան, քանի որ իրականացվել են ստուգումներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որ որդին ավելի լավ պայմաններում կրի խափանման միջոցը, մենք չենք կարող դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Եթե լինեն տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն, մենք այդ լիազորությունների դադարեցման հարցը կքննարկենք։ Եթե դեպքից անմիջապես հետո մենք դադարեցնեինք լիազորությունները, ապա մեզ կմեղադրեին հաշվեհարդար տեսնելու մեջ»,– ասաց Գալյանը։
Արդարադատության նախարարն այլ բանի վրա ուշադրություն հրավիրեց, որ համակարգում աշխատելը պատժի կրումից ազատվելու երաշխիք չէ ու նրանք անձեռնմխելի չեն։ Ինչ վերաբերում է հարցին, որ տեղեկություններ կան, թե տուժողն անօգնական է, և հիմա փորձում են ճնշում գործադրել, որ բողոք չլինի, Սրբուհի Գալյանը հորդորեց մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ չտարածել։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: