Անհայտ զինվորի օրը Վանաձորում հարգել են զոհված զինվորների հիշատակը

Կրկին հնչեց «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Վանաձորում այսօր՝ Անհայտ զինվորի օրը, ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների հիշատակին։ Այս մասին հաղորդում է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:
«Այսօր ծաղիկներ խոնարհելով՝ կրկնում ենք՝ քո անունն անհայտ է, քո սխրանքը՝ անմահ։ Թող այս օրը մեզ հիշեցնի, թե որքան կարևոր է ամրապնդել փոխըմբռնումն ու վառ պահել հիշողությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին», - նշել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը։
Միջոցառման ժամանակ
Արարողությանը ներկա են եղել նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Յուրի Պոշչենկոն, Գյումրիի Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, վետերաններ, կազակներ:
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառումն ավարտվել է Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելով՝ որպես հարգանքի տուրք և ի մեծարում նրանց հիշատակի, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար և մնացին անանուն:
Միջոցառումը կազմակերպվել էր Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Գյումրիում Ռուսական տան և 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից՝ Լոռու մարզպետարանի և քաղաքապետարանի աջակցությամբ:
Միջոցառման ժամանակ