ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծովահենություն է անվանել Սև ծովում նավերի վրա հարձակումները: Այս մասին նա ասել է լրագրողներին ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովում։
«Գիտեմ, որ լցանավերի վրա հարձակումներ են եղել ոչ թե չեզոք կամ նույնիսկ ոչ չեզոք ջրերում, այլ մեկ ուրիշ՝ երրորդ պետության հատուկ տնտեսական գոտում։ Դա ծովահենություն է, ուրիշ ոչինչ», - ասել ՌԴ նախագահը։
Ավելի վաղ Թուրքիայի ծովագնացության վարչությունը հայտարարել էր, որ բուսական յուղով բեռնված ռուսական MIDVOLGA-2 լցանավը, որը Ռուսաստանից ուղևորվում էր Վրաստան, Սև ծովում հարվածի է ենթարկվել:
Ռուսաստանի առաջնորդը մեկնաբանել է նաև ռազմական հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակը։
Պուտինը նշել է` Կրասնոարմեյսկը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար հզոր ամրոց էր, այսօր ամբողջությամբ գտնվում է ՌԴ զինուժի վերահսկողության ներքո։ ՌԴ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են Կուպյանսկի աջափնյա և ձախափնյա հատվածները: Նրա խոսքով՝ Կուպյանսկ-Ուզլովոյում (Կուպյանսկից հարավ. խմբ.) մարտական գործողություններ են ընթանում, մի քանի օրից ՌԴ ԶՈւ-ն կվերցնի նաև այդ բնակավայրը։
Պուտինի խոսքով` Ռուսաստանն Ուկրաինայում գործում է «վիրաբուժական մեթոդով»:
«Ուկրաինայում գործում ենք վիրաբուժական մեթոդով՝ խնամքով... Սա պատերազմ չէ բառի բուն, ժամանակակից իմաստով», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։