ՌԴ–ի տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում է մարտահրավերները. Պուտին

ՌԴ նախագահի խոսքով` երկրի տնտեսության այս տարվա «փափուկ վայրէջքը» սպասելի արդյունք է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը զգում է արտաքին ճնշումը, բայց տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում է մարտահրավերները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՎՏԲ-ի «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովում։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի վերջին Ռուսաստանում գնաճը կկազմի մոտ 6%, ինչը կանխատեսածից ցածր է։
«Գնաճի նվազումն այս տարվա կարևոր ձեռքբերումն էր։ Եթե մարտին գնաճը գնահատվում էր երկնիշ թվերով, ապա այժմ տարեկան արտահայտությամբ 7%-ից ցածր է։ Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի վերջ այն կկազմի մոտ 6%, այսինքն՝ կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսածից ցածր», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով՝ ՌԴ բյուջեի պակասուրդը ձևավորվել է բյուջետային կանոններով, ինչը ենթադրում է չափավոր բյուջետային պակասուրդ:
Նա նշել է, որ ընթացիկ տարում երկրի տնտեսության «փափուկ վայրէջքը» սպասելի արդյունք է։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողանում և ապագայում ևս չի կարողանա պատժամիջոցների միջոցով կառավարել համաշխարհային տնտեսությունը:
«Ժամանակին արևմտյան գործընկերները մեզ սովորեցնում էին, որ բոլոր դժվարությունները պետք է հաղթահարել ոչ թե վարչահրամայական, այլ շուկայական մեթոդներով։ Իսկ ոչ շուկայական բնույթի սահմանափակումների կիրառումը համաշխարհային տնտեսության կառավարման՝ նշված հրամայական մեթոդները պահպանելու փորձ է, որը չի ստացվում և չի էլ ստացվի», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։